ԱՄՆ-ն և Եվրամիությունը քննարկում են առանձին ռուսական բանկերին SWIFT բանկային վճարումների միջազգային համակարգից անջատելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ, չի քննարկվում ամբողջ երկիրն այդ համակարգից զրկելու հարցը: Այսմասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքին: Հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը, այդ թվում SWIFT-ից անջատումը, հնարավոր է ԿԻևի ընկնելու դեպքում: ԶԼՄ-ները հայտնում են, որ այս դեպքում կա հավանականություն, որ նոր սահմանափակումները կարող են ներդրվել ավելի վաղ:
Եվրամիության կենտրոնական բանկերից մեկում Reuters գործակալության աղբյուրները հայտնել են, որ SWIFT-ից Ռուսաստանին անջատելու մասին վերջնական որոշումը կարող է ընդունվել մի քանի օրվա ընթացքում: Բացի այդ, ԱՄՆ-ն քննարկում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, ինչի մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Սահմանափակումները կարող են ուղղված լինել այն մոտ 643 մլրդ դոլարին, որը Ռուսաստանը կուտակել է Ուկրաինայում ռազմական գործողության նախօրեին: Գործակալության փորձագետների խոսքով՝ նման պատժամիջոցները կարող են հանգեցնել ռուբլու անկման:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։