Բրիտանական British Petroleum-ը մտադիր է մոտ ժամանակներս վաճառել «Роснефт»-ի իր 19,75 տոկոս բաժնեմասը: Բացի այդ, ընկերության տնօրենների խորհրդում BP-ի նշանակված երկու տնօրեններն անմիջապես կլքեն իրենց պաշտոնները, փոխանցում է РБК-ն։
British Petroleum-ը որոշումն ընդունել է Ուկրաինայում ՌԴ ՊՆ-ի կողմից իրականացվող հատուկ գործողության ֆոնին: «Մանրակրկիտ վերլուծության արդյունքում BP-ի տնօրենների խորհուրդը եկել է այն եզրակացության, որ «Роснефт»-ի՝ պետական ձեռնարկության հետ մեր համագործակցությունը պարզապես չի կարող շարունակվել։ Մենք այլևս չենք կարող աջակցել BP-ի ներկայացուցիչների մասնակցությանը ընկերության տնօրենների խորհրդում: Հոլդինգն այլևս չի համապատասխանում բիզնեսին և մեր ռազմավարությանը: Այժմ տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել «Роснефт»-ի բաժնետերերի կազմից ընկերության դուրս գալու մասին»,- հայտնել է British Petroleum-ի տնօրենների խորհրդի նախագահ Հելգե Լունդը:
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Նշենք, որ ներկայումս պայմանավորվածություններ են ձեռք բերվում բանակցություններ սկսելու համար։