Ուկրաինական գերության մեջ են գտնվում շուրջ հազար ռուս զինծառայողներ։ Նրանք բոլորը ցուցմունք են տալիս։ Այս մասին հայտարարել Է նախագահ Վլադիմիր Զելենսկին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի հետ հանդիպման ժամանակ։
«Բոլորը հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, կան մարդիկ, կան արդեն մինչև հազար բանտարկյալներ, կան վկաներ, կան տեսաձայնագրություններ, կա այն ամենը, ինչ նրանք (գերիները – խմբ.) ասել են առանց ճնշումների»,- ընդգծել է Զելենսկին։
Նրա խոսքով ՝ ռազմական հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։