Ուկրաինայում, տեղի հայկական կառույցների տվյալներով, պատերազմի մեկնարկից ի վեր զոհված հայերի թիվն արդեն 11 է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:
Ըստ այդ երկրի հայերի միության՝ երեկ Խարկովում մահացել է 26-ամյա Արտյոմ Այվազյանը, նա կամավոր էր, օգնում էր իր քաղաքի կարիքավորներին՝ նրանց սնունդ և դեղորայք հասցնելով։
Հայերի շրջանում զոհերից 8-ը քաղաքացիական անձինք են։
«7-ը խաղաղ բնակիչներ են` ազգությունով հայ, 3-ը, այսպես ասած, զինվորականներ: Առաջին զոհը Խերսոն քաղաքում էր, որից արդեն 10-15 օր անցել է, ունենք Չոնգար քաղաքում, Մարիուպոլ քաղաքում»,- մանրամասնել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:
Ուկրաինայում հայերի թիվը մինչև պատերազմը մոտ 350 հազար էր, թե նրանցից քանիսն է վերջին 3 շաբաթների ընթացքում կարողացել լքել պատերազմող երկիրը, հայտնի չէ։
Ուկրաինայի հայերի միության փոխնախագահի խոսքով՝ փորձում են հասկանալ, թե քանիսն են մնացել։ Դիմել են Ուկրաինայի սահմանապահ ծառայությանը, բայց վերջինս գերծանրաբեռնված է և հնարավորություն չունի նման վիճակագրություն վարելու։
«Շատ դժվարանում են գոնե ազգանուններով անջատել ամբողջ ցուցակից, որ առանձին ցուցակ մեզ համար կազմեն»,- նշել է Մկրտչյանը։
Հավելենք՝ հայտնի է, որ պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանի սահմանը հատել է շուրջ 4000 Ուկրաինայի քաղաքացի, պարզ չէ՝ նրանցից քանիսն են հայ, քանիսը` ուկրաինացի։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի դեմ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Մոսկվային երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։