Ուրբաթ օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցը։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Գերմանիայի դեսպանը կանչվել է գերատեսչություն այն բանից հետո, երբ այսօր Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Բեռլինում Թուրքիայի դեսպանին կանչել է իրավապաշտպան Օսման Կավալայի գործի կապակցությամբ:
«Դեսպան Շուլցին նշվել է, որ թուրքական անկախ դատական մարմնի կայացրած մեղադրական դատավճիռը չի կարող վիճարկվել որևէ հաստատության, իշխանության մարմնի կամ երկրի կողմից: Դեսպանին նաև հիշեցրել են Վիեննայի կոնվենցիայով ամրագրված ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի մասին», – հաղորդում է գործակալությունը:
Նշվում է, որ Կավալային դատապարտել են սահմանադրական կարգը փոխելու և Թուրքիայի կառավարությանը հեռացնելու փորձի համար, նրան դատապարտել են ցմահ ազատազրկման: Երկրի իշխանությունները իրավապաշտպանին համարում են 2013թ. բողոքի ակցիաների մասնակից: Փետրվարին Ստամբուլի դատարանը որոշել էր արդարացնել և ազատ արձակել ակտիվիստին, սակայն ավելի ուշ նույն օրը դատախազությունը կրկին արտոնել էր նրա ձերբակալությունը: