ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը պարզ է և հասկանալի։ Նրանք պետք է վերանայեն հարաբերությունները Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) նկատմամբ:
Այս մասին, РИА новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Էֆքան Ալան։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն և վարչապետ Սաննա Մարինը օրերս ՆԱՏՕ-ին անհապաղ անդամակցելու վերաբերյալ համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել: Սպասվում է, որ նման քայլեր կանի նաև Շվեդիան։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիային և Շվեդիային գրկաբաց կդիմավորի, և նրանց անդամակցությունը կձևակերպվի նվազագույն ուշացումով:
Թուրքիան դարձել է ՆԱՏՕ-ի առաջին անդամ երկիրը, որն առարկություն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դեմ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 13-ին հայտարարել էր, որ ինքը «դրական կարծիք» չունի այդ երկու երկրների ընդունելության վերաբերյալ։ ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի պատասխան քայլեր ձեռնարկել այդ կապակցությամբ՝ իր ազգային անվտանգության համար առաջացող սպառնալիքները չեզոքացնելու նպատակով: