ԵՄ-ն շարունակում է քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը, ներառյալ նավթային էմբարգոն, բանակցությունները բարդ են ընթանում, հստակություն կարելի է ակնկալել երկուշաբթի օրը։ РИА новости-ի հաղորդմամբ՝ այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը:
«Երկուշաբթի տեղի կունենա մշտական ներկայացուցիչների կոմիտեի նոր նիստը»,- հայտնել է նա:
Աղբյուրի խոսքով՝ նախկինի պես պահպանվում են բազմաթիվ տեխնիկական հարցեր՝ կապված ռուսական նավթից հրաժարվելու ժամանակացույցի հետ։
«Ավելի հստակություն կարելի է ակնկալել երկուշաբթի»,- հավելել է նա:
Եվրամիության երկրները Ուկրաինայի իրադրության պատճառով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդեն հինգ փաթեթ են սահմանել։ Պատրաստվող 6-րդ փաթեթի շրջանակներում ԵՄ-ն դիտարկում է ռուսական նավթից հրաժարվելու հնարավորությունը։ Միության որոշ երկրներ, մասնավորապես Հունգարիան, արգելափակում են դրա ընդունումը՝ սեփական տնտեսության վրա այդ քայլի բացասական ազդեցության մտավախության պատճառով։