Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար պետք է հստակ ցույց տան, որ հրաժարվում են աջակցել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Կողմերը քննարկել են Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի անհանգստությունը հիմնված է օրինական պահանջների վրա: Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ երկու երկրները պետք է հստակ ցույց տան, որ հրաժարվել են ահաբեկչությանը աջակցելուց, հանել են Թուրքիայի դեմ պատժամիջոցները և պատրաստ են համերաշխություն ցուցաբերել դաշինքին», – լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
Իր հերթին Ստոլտենբերգը նշել է, որ «առանցքային դաշնակից Թուրքիայի ակնկալիքները պետք է կատարվեն»: