Թուրքիայի զինված ուժերը մարտական դիրք են գրավել՝ Սիրիայի հյուսիսում գործողություն իրականացնելու համար երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ։ Այս մասին գրում է Sabah թերթը։
Ամերիկացի զինվորականները համատեղ պարեկություն են անցկացրել գրոհայինների հետ, հայտնում է լրատվականը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ են սկսելու երկրի սահմաններին, և շուտով այդ հարցով որոշում կկայացվի։ Լրատվամիջոցների տվյալներով՝ գործողությունները տեղի կունենան Սիրիայի չորս շրջաններում։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին Անկարա կատարած այցի ընթացքում թուրք գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Նախօրեին երկու երկրների պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը զրուցել էին։
Նշվում է, որ PKK-ի զինյալները, ճնշում գործադրելով քաղաքում բնակվող խաղաղ բնակիչների վրա, խոշոր անցակետեր են տեղադրել քաղաքի մուտքերի, ելքերի ու հրապարակների մոտ։
«Նրանք զենք և զինյալներ են տեղափոխել Թել Ռիֆաթ և Մանբիջ այլ օկուպացված շրջաններից»,- մանրամասնել է հրատարակությունը։
Պարբերականը հայտնում է, որ մինչ օրակարգում է եղել «Սիրիայում ահաբեկչական տարրերի դեմ» Թուրքիայի հնարավոր գործողությունը, ԱՄՆ զինվորները համատեղ պարեկություն են իրականացրել։
Քրդական կազմավորումների դեմ գործողություններ իրականացնող թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում Դամասկոսը բազմիցս ապօրինի է անվանել և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։