Ըստ Microsoft կորպորացիայի կողմից պատրաստված զեկույցի (Defending Ukraine: Early Lessons from the Cyber War)` Ուկրաինայում ճգնաժամի սկսվելուց ի վեր Ռուսաստանի հատուկ ծառայությունները ակտիվացրել են ԱՄՆ կառավարության և 41 այլ երկրների, հատկապես ՆԱՏՕ-ի երկրների համակարգչային ցանցերի վրա հաքերային հարձակումները։
Զեկույցի համաձայն՝ հետախուզական տվյալներ հավաքելու նպատակով հարձակումների են ենթարկվել նաև վերլուծական կենտրոնները, հումանիտար կազմակերպությունները, ՏՏ ընկերությունները։
Զեկույցում նշված երկրների թվում է նաև Թուրքիան։ Այն մասին, որ Թուրքիան հայտնվել է ռուս հաքերների թիրախում, գրել են թուրքական կառավարամետ լրատվամիջոցները։
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Microsoft ընկերությունը մարտի 4-ից որոշել են հեռանալ ռուսական շուկայից և դադարեցնում են ապրանքների և ծառայությունների վաճառքը Ռուսաստանում: Հունիսի 23-ին կորպորացիայի նախագահ Բրեդ Սմիթը հայտարարել էր, որ ընկերությունը կշարունակի Ռուսաստանում բիզնեսն այնքան կրճատել, քանի դեռ դրանից ոչինչ չի մնացել: