Իրանին հաջողվել է ընդլայնել Հայաստանի հետ առևտրային կապերը՝ անցած տարվա ընթացքում Հայաստանի հետ տեխնիկական ծառայություններ արտահանելով 2,3 մլրդ դոլարի չափով։ Այս մասին հայտարարել է Իրանի առևտրի աջակցման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփակը, հաղորդում է IRNA գործակալությունը։
Փեյմանփակի խոսքով՝ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ, լայն հնարավորություններ է ընձեռում Իրանի արտահանման ներուժի համար։ Փեյմանփակը, որը նաև Իրանի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալն է, նշել է, որ Թեհրանն ու Երևանը պայմանավորվել են բազմաթիվ ոլորտներում ամրապնդել կապերը:
Մասնավորապես, առաջարկվում է համագործակցել արդյունաբերական ոլորտում, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում, աշխատել համատեղ արդյունաբերական ավանների կառուցման ոլորտում, զբաղվել տեխնիկական ծառայությունների արտահանմամբ, երրորդ երկրների հետ առևտրային կապերի ընդլայնմամբ:
Փեյմանփակը նշում է, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի վարչակազմը նպատակ ունի ընդլայնել Իրանի տնտեսության զարգացման նպատակային շուկաները: Նա հույս է հայտնել, որ տեխնիկական ծառայությունների արտահանումը կհասնի 8 մլրդ դոլարի մակարդակին։