Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը։
«Այսօր ավելի վաղ ես խոսել եմ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ։ Մեզ մոտ անկեղծ և անմիջական զրույց է տեղի ունեցել», – հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նա պնդել է, որ «ճնշում է գործադրել Կրեմլի վրա, որպեսզի նա ընդունի առարկայական առաջարկը», որը Վաշինգտոնն առաջ է քաշել ԱՄՆ-ում և ՌԴ-ում կալանքի տակ գտնվող ռուսաստանցի և ամերիկացի քաղաքացիների փոխանակման հնարավորության վերաբերյալ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Սև ծովով գյուղմթերքի արտահանման համար հումանիտար միջանցք ստեղծելու մասին համաձայնագիրը։
«Ես նաև ընդգծել եմ, որ աշխարհը Ռուսաստանից ակնկալում է կատարել իր պարտավորությունները Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ Ուկրաինայի հացահատիկի մատակարարման շուրջ ձեռք բերված գործարքի շրջանակներում: «…» Կարևոր և կենսական է, որ Ռուսաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները, որոնք նա տվել է ամբողջ աշխարհին: Ինչպես ասացի, մենք ձգտում ենք, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենա», – ասել է Բլինկենը։
Պետքարտուղարի վկայությամբ՝ նա Լավրովին նախազգուշացրել է Մոսկվայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու Վաշինգտոնի մտադրության մասին, եթե Ռուսաստանի կազմի մեջ մտնեն Ուկրաինայի մի շարք շրջաններ: «Աշխարհը չի ճանաչում անեքսիան։ Մենք Ռուսաստանին լրացուցիչ զգալի ծախսեր կպարտավորեցնենք, եթե նա շարունակի իրականացնել իր ծրագրերը», – ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը։