ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ քննարկել է հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ կապված իրավիճակը։ Մասնակիցները մտքեր են փոխանակել Ռուսաստանի ղեկավարի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայանալիք հանդիպմանն ընդառաջ։
«Պուտինն օպերատիվ հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել առաջիկա ռուս-թուրքական բանակցությունների համատեքստում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ քննարկվել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ կապված իրավիճակը, ընդգծվել է եռակողմ համաձայնագրի բոլոր դրույթների կատարման հրատապ անհրաժեշտությունը։ Պեսկովի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են նաև երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հարցեր։
Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Armenia Today-ն ավելի վաղ հայտնել է, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը։ Նա նշել էր, որ շփման գծի ցանկացած փորձ պետք է կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից։
Հիշեցնենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն օգոստոսի 5-ին Սոչիում։