ԱՄՆ-ն տեղեկատվական ահաբեկչության է դիմում: Ինչպես հայտնում է Ria.ru-ն, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին: Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անարդյունավետ են:
«ԱՄՆ-ն արդեն հասկացել է, որ պատժամիջոցները չեն գործում։ Ուստի սկսեցին այլ մեթոդներ օգտագործել: Տեղեկատվական ահաբեկչությունը գլխավոր խնդիրն է»,- ասել է Ռայիսին՝ Թեհրանում ընթացող Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների լրատվական գործակալությունների կազմակերպության (OANA) Գլխավոր ասամբլեայում։
Նրա խոսքով, մասնավորապես, Վաշինգտոնն անկարգություններ է կազմակերպել Իրանում, ինչը, սակայն, սխալ հաշվարկ էր:
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաներն սկսվել են սեպտեմբերի 17-ին՝ 22-ամյա Մախսա Ամինիի հուղարկավորությունից հետո: Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ քուրդ աղջիկը ձերբակալվել է ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ունեցել, որից մահացել է։ Սոցիալական ցանցերում, սակայն, տեղեկություն էր տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։