Ինդոնեզիան օրենք է ընդունել, որն արգելում է ամուսնությունից դուրս սեռական կապը, գրում է Aljazeera-ն։
Օրենքը խախտողներին սպառնում է մինչև մեկ տարի ազատազրկում, արգելքը կտարածվի նաև զբոսաշրջիկների վրա։ Նոր օրենքի համաձայն՝ տեղի բնակիչները չամուսնացած զույգերի մասին կարող են ահազաբգել ոստիկանություն, եթե զույգին կասկածեն ինտիմ հարաբերություններ ունենալու մեջ:
Համատեղ կյանքը նույնպես պատժվում է ազատազրկմամբ կամ տուգանքով, եթե զույգն ամուսնացած չէ, բայց միայն այն դեպքում, եթե ինչ-որ մեկը այդ մասին զեկուցի իրավապահներին:
«Մենք հպարտ ենք, քանի որ մեր քրեական օրենսգիրքը համապատասխանում է ինդոնեզական արժեքներին», – ասել է Ինդոնեզիայի արդարադատության նախարար Էդվարդ Օմար Շարիֆ Հիարիջը:
Բացի այդ, նոր փոփոխություններով կարգելվի վիրավորել նախագահին, պետական կառույցներին, ինչպես նաև ցանկացած տեսակետի արտահայտում, որը հակասում է Ինդոնեզիայի պետական գաղափարախոսությանը։
Ընդ որում՝ ընդունված քրեական օրենսգիրքը կարող է վիճարկվել Սահմանադրական դատարանում, եթե ապացուցվի, որ ընթացակարգը սխալ է իրականացվել։