Իրանը Ռուսաստանից Սու-35 կործանիչներ է գնել, ինքնաթիռների մատակարարումները սպասվում են գարնանը: Այս մասին Tasnim-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարին:
Նրա խոսքով՝ կործանիչները, որոնք Իրանը պատվիրել է Ռուսաստանից, մատակարարվելու են հաջորդ տարվա սկզբին: Ըստ իրանական օրացույցի՝ այն սկսվում է մարտին:
Պատգամավորը հայտնել է, որ Իրանը Ռուսաստանից նաև այլ ռազմական տեխնիկա է պատվիրել, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր, հրթիռային համալիրներ և ուղղաթիռներ, որոնց մեծ մասը ձեռք կբերվի մոտ ժամանակներս: 2022 թվականի դեկտեմբերին Իրանին ռուսական Սու-35 ինքնաթիռների պլանավորված մատակարարման մասին հայտնել է իսրայելական I24 news հեռուստաալիքը՝ վկայակոչելով արևմտյան աղբյուրներին: Հեռուստաալիքի տվյալներով, ըստ ամենայնի, խոսքը 24 Սու-35 կործանիչների մատակարարման մասին է: