Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը շոկ է առաջացրել Մերձավոր Արևելքում և խորհրդանշական հարված հասցրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, գրում է Associated Press-ը (AP):
Մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Թեհրանն ու Էր Ռիադը պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել դեսպանատները առավելագույնը երկու ամսվա ընթացքում:
Գործակալությունը նշում է, որ, փորձագետների գնահատմամբ, Էր Ռիադի և Թեհրանի միջև գործարքը ստվեր գցեց Իսրայելի վարչապետի հավակնությունների վրա՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնության հասնելու հարցում: Ավելի վաղ 2020 թվականին ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունները տարածաշրջանում Իրանին մեկուսացնելու ավելի լայն ձգտման մաս էին կազմում:
Ինչպես գրում է AP-ն, Իրանի հետ կապի մեջ մտնելու Սաուդյան Արաբիայի որոշումը Իսրայելին մեծ մասամբ միայնակ է թողել, այն դեպքում, երբ նա փորձում է հասնել Իրանի դիվանագիտական մեկուսացմանը և սպառնում է միակողմանի ռազմական հարված հասցնել իրանական միջուկային օբյեկտներին: Գործակալությունը հիշեցրել է, որ անցյալ տարի ԱՄԷ-ն նույնպես վերսկսել է պաշտոնական հարաբերություններն Իրանի հետ:
«Սա հարված է վերջին տարիներին տարածաշրջանում հակաիրանական դաշինք ձևավորելու Իսրայելի ջանքերին: Եթե Մերձավոր Արևելքը դիտարկենք որպես զրոյական գումարով խաղ, ինչպես դա անում են Իսրայելն ու Իրանը, Իրանի դիվանագիտական հաղթանակը շատ վատ նորություն է Իսրայելի համար», – գործակալությանն ասել է Իսրայելի ազգային անվտանգության խնդիրների հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Յոել Գուզանսկին:
Միևնույն ժամանակ փորձագետները կասկածներ են հայտնել, որ Թեհրանի և Էր Ռիադի միջև «լիցքաթափումը» կվնասի Իսրայելին, գրում է գործակալությունը: Ըստ Գուզանսկու, Սաուդյան Արաբիան և Իրանը կմնան տարածաշրջանային մրցակիցներ, նույնիսկ եթե նրանք դեսպանատներ բացեն միմյանց մայրաքաղաքներում: Եվ ինչպես ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան կարող էր խորացնել հարաբերություններն Իսրայելի հետ՝ նույնիսկ պահպանելով հարաբերություններն Իրանի հետ, գրում է գործակալությունը:
Reuters գործակալությունը նաև թվարկել է տարածաշրջանային հակամարտությունները, որոնց վրա կարող է ազդել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև համաձայնագիրը: Դրանց թվում նա, մասնավորապես, նշել է ճգնաժամերը Եմենում, Սիրիայում և Լիբանանում:
Գործակալության գնահատմամբ՝ Եմենում Էր Ռիադի և Թեհրանի միջև կապերի վերականգնումը կարող է նպաստել Սաուդյան Արաբիայի և շիական «Անսար Ալլահ» արժման Եմենի հուսի ապստամբների միջև համաձայնության ձեռքբերմանը: Ինչպես նշում է Reuters-ը, 2015 թվականից շարունակվող պատերազմը Իրանի կողմից աջակցվող հուսիթների և Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի միջև փակուղում է գտնվում: Էր Ռիադը և հուսիթները անցյալ տարի վերսկսել են ուղիղ բանակցությունները Օմանի աջակցությամբ՝ ՄԱԿ-ի միջնորդությամբ զինադադարի ձեռքբերումից հետո:
Սիրիայում Իրանը 2011 թվականից աջակցում էր երկրի նախագահ Բաշար Ասադին, Մինչդեռ Սաուդյան Արաբիան աջակցում էր խմբավորումներին, որոնք փորձում էին տապալել Ասադին:
«Բայց քանի որ Իրանի աջակցությունն օգնել է Ասադին փոխել իրավիճակը, Սաուդյան Արաբիայի աջակցությունը զինված և քաղաքական ընդդիմությանը թուլացել է: Սաուդա-իրանական գործարքը կնքվել է այն ժամանակ, երբ Ասադի արաբական մեկուսացումը թուլանում է: Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ ավելի ակտիվ համագործակցությունը կարող է հանգեցնել Սիրիայի վերադարձին Արաբական պետությունների Լիգա», – գրում է գործակալությունը:
Նշվում է նաև, որ Սիրիայի ԱԳՆ-ն ողջունել է գործարքը որպես «կարևոր քայլ», որը կարող էր ամրապնդել տարածաշրջանային կայունությունը:
Լիբանանում քաղաքական համակարգը երկար տարիներ պառակտվել է «Հըզբոլլահ» խմբավորման գլխավորած իրանամետ դաշինքի և պրոսաուդական կոալիցիայի միջև, գրում է պարբերականը: