Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ծրագրում է ապրիլին այցելել Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին նախարարը հայտնել է Ֆրանսիայի Սենատում ելույթ ունենալիս։
«Առաջին իսկ օրվանից Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս արգելափակումն ավելացնում է լարվածությունը։ Ես նախատեսում եմ ապրիլի վերջին այցելել Բաքու և Երևան՝ այդ ուղերձը փոխանցելու համար։ Ֆրանսիան միջոցներ է ձեռնարկում», – մասնավորապես ասել է Կոլոնան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Հաագայի դատարանը ժամանակավոր միջոցներ է ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի մասով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել էր նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։