Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այժմ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների «ժամանակը չէ», գրում է «Le Figaro»-ն։ Մակրոնի խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ՝ Հայաստանին «լավագույնս պաշտպանելու համար»։
Նա նշել է, որ «խորապես ափսոսում է» Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բացակայության համար Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Մակրոնն ընդգծել է, որ կրկին կզանգահարի Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի վրա «ճնշումը պահպանելու» համար։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Բաքվի դեմ պատժամիջոցները «հակաարդյունավետ կլինեն և կկանխեն Հայաստանի տարածքի և նրա բնակչության լավագույն հնարավոր պաշտպանությունը»։ «Հիմա ժամանակն է պահանջատիրության, հստակության, պարտավորությունների (կատարման), մասնավորապես՝ աջակցության այն ռազմական ձևով, որն ընտրել է Ֆրանսիան: Բայց հիմա պատժամիջոցների ժամանակը չէ, քանի որ մենք պետք է շարունակենք երկխոսությունը Ադրբեջանի հետ»,- գործակալությունը մեջբերում է Մակրոնի խոսքերը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան ամեն ինչ անում է Հայաստանին աջակցելու համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ «Հիմա գլխավորը (ղարաբաղցիների) ընտանիքների հետ կապված իրավիճակն է և սահմանի խնդիրը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը` հավելելով, որ «անհրաժեշտ է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ տարածաշրջանում ցանկացած ապակայունացումից խուսափելու համար»։