Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը, գրում է IRNA-ն։
Զրույցի ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ պաղեստինցիների դեմ Իսրայելի կողմից շարունակվող ագրեսսիայի, ռազմական հանցագործությունների ու պաղեստինցիների սպանությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման պայմաններում կա իրավիճակի բարդացման և այլ ռազմաճակատների բացման հնարավորություն։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր մտահոգությունն է հայտնել Գազայի հատվածի ճգնաժամի շուրջ, նա նաև կոչ է արել իրավիճակի վերահսկման համար օգտագործել տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցիկ դերը, ի պատասխան նրան ասվել է, որ Իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ուժերն իրենք էլ տիրապետում են իրավիճակը գնահատելու և որոշումներ կայացնելու կարողություն։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։