Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար Ահարոն Խալիվան իր վրա է վերցրել ՀԱՄԱՍ-ի հարձակումը թույլ տալու պատասխանատվությունը և խոստովանել, որ հետախուզությունը չի կատարել իր աշխատանքը, գրում է Times of Israel-ը։
«Իմ հրամանատարության տակ գտնվող Ռազմական հետախուզության վարչությունը չկարողացավ նախազգուշացնել ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված ահաբեկչական հարձակման մասին: Մենք ձախողեցինք մեր հիմնական խնդիրը, և որպես Ռազմական հետախուզության վարչության ղեկավար՝ ես կրում եմ կատարվածի ողջ պատասխանատվությունը», – ասել է Խալիվան:
Ավելի վաղ Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը պատասխանատվություն է վերցրել, որ անվտանգության ծառայությունները չեն կարողացել կանխել ՀԱՄԱՍ-ի հարձակումը։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2000-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչները՝ 1000, վիրավորվել են մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ։ Հաղորդվում է տասնյակ զոհված և անհետ կորած օտարերկրյա քաղաքացիների մասին։