Եվրամիությունը մեկնարկել է իր պատմության մեջ առաջին համատեղ դաշտային զորավարժությունները՝ «MILEX 23»-ը, որը, մասնավորապես, կներառի ափամերձ հատվածներում վայրէջք կատարելու փորձ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։
«Այս զորավարժությունների փորձը կարող է օգտագործվել մարդասիրական առաքելությունների ժամանակ, ներառյալ տարհանումը, ինչպես նաև կարող է օգտագործվել Իսրայելի ներկայիս հակամարտությանը արձագանքելու համար»,- ասել է Բորելը:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2000-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչները՝ 1000, վիրավորվել են մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ։ Հաղորդվում է տասնյակ զոհված և անհետ կորած օտարերկրյա քաղաքացիների մասին։