Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 4385-ի, որոնցից 1756-ը երեխաներ են, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա իսրայելական բանակի հարձակումից հետո Իրանի Մաշհադ քաղաքի Իմամ Ռեզա դամբարանում բարձրացվել է սև դրոշ՝ վրեժի և պատերազմի կոչի համընդհանուր խորհրդանիշը։
Նշվում է, որ վերջին անգամ սև դրոշը բարձրացվել է ամերիկացիների կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, եթե դրոշը դառնա կարմիր, դա կնշանակի համամահմեդական վրեժխնդրության սկզբի կոչ։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։