Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանների թռիչքուղիներին, ինչը շարքից հանել է դրանք, հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությանը։
Հարձակման հետևանքով երկու զոհ կա։
«Այսօր առավոտյան իսրայելական ռեժիմն օդային ագրեսիա է իրականացրել Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններում։ Արդյունքում վնասվել են երկու օդանավակայանների թռիչքուղիները»,-նշվում է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։