Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուն հեռացվել է պաշտպանության գերատեսչության ղեկավարի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի անդամի պաշտոնից, հայտնում են չինական լրատվամիջոցները։
Նախարարի «անհետանալու» մասին արևմտյան աղբյուրները գրում էին սեպտեմբերին՝ պնդելով, որ մեղադրվում է կոռուպցիոն գործողությունների մեջ։
Լի Շանգֆուն հանրության առաջ չի երևացել օգոստոսի վերջից՝ Չինաստան-Աֆրիկա խաղաղության և անվտանգության ֆորումում ելույթից հետո: The Wall Street Journal-ը սեպտեմբերի 15-ին վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների՝ հայտնել է, որ Լի Շանգֆուն կոռուպցիոն գործով հետաքննության մեջ է և, ամենայն հավանականությամբ, կհեռացվի: Այնուհետև ՉԺՀ-ի արտաքին գործերի և պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ տեղյակ չեն Լի Շանգֆուի շուրջ ստեղծված իրավիճակից։
Լի Շանգֆուն դարձավ Չինաստանի երկրորդ նախարարը, ով վաղաժամ հեռացվել է պաշտոնից։ Հուլիսին Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից. արևմտյան աղբյուրները գրել էին նրա արտաամուսնական կապի մասին հեռուստաալիքներից մեկի լրագրողի հետ։
Չինաստանի իշխանություններն ավանդաբար չեն նշում, թե կոնկրետ ինչն է եղել հրաժարականների պատճառը։ Ցին Գանգի հետագա ճակատագրի մասին այլ տեղեկություն չի հաղորդվում։