Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունում (ԺՀԿ) առաջնորդ է փոխվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի քան 13 տարի ԺՀԿ նախագահի պաշտոնը զբաղեցրած Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն զիջել է կուսակցության նախագահի պաշտոնը: Գործակալության տեղեկություններով՝ նոյեմբերի 5-ի գիշերը Անկարայում տեղի ունեցած կուսակցական ֆունկցիոներների քվեարկության ընթացքում Քըլըչդարօղլուն չի կարողացել անհրաժեշտ աջակցություն ստանալ:
Ընդդիմադիր ուժի նոր առաջնորդ է դարձել Մանիսա նահանգից խորհրդարանի պատգամավոր Օզգյուր Օզելը: Նշվում է, որ Օզելը դեղագործ է։ 2011 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր ԺՀԿ-ից, իսկ 2015 թվականին ԺՀԿ-ի խորհրդարանական խմբի նախագահ է դարձել։ Այս տարի կայացած խորհրդարանական ընտրություններում ԺՀԿ-ն Թուրքիայի խորհրդարանում ստացել է 169 տեղ, իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ 268: