Մերձավոր Արևելքում իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 9700-ը, Al Hadath հեռուստաալիքով այս տվյալները հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
«Գազայի հատվածիում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 9770-ի, զոհերի թվում 4800 երեխա կա»,- տեղեկացրել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից։
Պաշտոնական տվյալներով՝ վիրավորվել է 24 808 մարդ։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։