Սև ծովի Աջարիայի ափին արդեն երկրորդ օրն է ուժեղ փոթորիկ է մոլեգնում, Բաթումիի կենտրոնական փողոցները հեղեղված են, վնասվել են ենթակառուցվածքները, տուժել են նաև Քոբուլեթին և Փոթին, հայտնում է տեղական Batumelebi գործակալությունը։
«Սև ծովում փոթորիկը հասնում է 4-5 բալի, ուժեղ ալիքների հետևանքով վնասվել է Բաթումիի նոր բուլվարի ենթակառուցվածքը, հեղեղվել են քաղաքի կենտրոնական փողոցները։ Բաժանորդների մի մասին էլեկտրաէներգիա չի մատակարարվում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փոթորիկը և ուժեղ քամիները վնասել են նաև Քոբուլեթի քաղաքի առափնյա ենթակառուցվածքները, իսկ Փոթի քաղաքում ուժգին քամուց պոկվել են մի քանի բազմահարկ շենքերի տանիքներ, վնասվել՝ ավտոմեքենաներ:
ՌԴ-ում փոթորկի հետևանքով երկու մարդ է զոհվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում փոթորիկներն ու հորդառատ անձրևներն ավերածություններ են գործել, իսկ Հայաստանում ուժեղ քամի էր գրանցվել: