Հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերին ազատ են արձակել Մյունխենի օդանավակայանում թանկարժեք ժամացույցի պատճառով մաքսային հսկողության ժամանակ ձերբակալելուց մի քանի ժամ անց, հայտնում է Bild-ը։
Շվարցենեգերը չորեքշաբթի օրը մեկնել է Մյունխեն՝ մասնակցելու Ավստրիայի Կիցբյուել քաղաքում կայանալիք Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովին: Նա կրում էր շվեյցարական Audemars Piguet ընկերության ձեռքի ժամացույց, որի արժեքը սեփականատերը գնահատել էր մոտավորապես 20 հազար եվրո։ Դրա պատճառով դերասանը բերման է ենթարկվել մաքսակետով անցնելիս։
«Ժամը 16:45-ին Արնին վերջապես ազատ է արձակվել, և առաջին բանը, որ նա արել է, մեքենայի մեջ սիգար վառելն է»,- գրում է Bild-ը:
Հաղորդվում է, որ Շվարցենեգերը մանրակրկիտ հարցաքննվել է, որից հետո նրանից պահանջել են վճարել 35 հազար եվրո՝ 26 հազար ժամացույցի համար, 4 հազար հարկ և 5 հազար տուգանք։ Իրավիճակը բարդանում էր նրանով, որ դերասանը ծախսի կեսը պետք է վճարեր կանխիկ, որը նա չուներ։ Արդյունքում՝ սպան Շվարցենեգերին ուղեկցել է բանկի մասնաճյուղ։
Ինքը՝ դերասանը, փորձել է բացատրել, որ մտադիր է ժամացույցը վաճառել բարեգործական աճուրդում, սակայն նրա փաստարկները չեն լսվել։