Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեզավան որոշել է փակել իր DearMoon նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում էր առաջին զբոսաշրջային թռիչքը լուսնի շուրջ, հայտնում է նախագծի կայքը։
«Ցավով հայտնում ենք, որ DearMoon նախագծի շրջանակներում լուսնի շուրջ առաջին մասնավոր թռիչքը չեղարկվել է: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ և հայցում ենք բոլոր նրանց ներողամտությունը, ովքեր անհամբեր սպասում էին այս միջոցառմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իլոն Մասկի տիեզերական տեխնոլոգիաներ արտադրող SpaceX ընկերությունը 2017 թվականի սկզբին հայտարարել էր լուսնի շուրջ կոմերցիոն թռիչք իրականացնելու պլանների մասին։ Ի սկզբանե թռիչքը պետք է իրականացվեր մինչև 2023 թվականի ավարտը։
2022 թվականին Մաեզավան հայտնել էր ութ մարդկանց անուններ, որոնց նա նախատեսում էր անվճար տանել իր հետ դեպի լուսին՝ տիեզերական ճանապարհորդության ժամանակ։ Խմբի կազմում էին ամերիկացի դիջեյ Սթիվ Աոկին, YouTube-ի ամերիկացի բլոգեր Թիմ Դոդը, չեխ պարուսույց և նկարիչ Յեմի Ակինեմի Դելեն, իռլանդացի լուսանկարիչ Ռիանոն Ադամը (հիմնական թիմում միակ կինը), բրիտանացի լուսանկարիչ Քարիմ Իլիան, ամերիկացի կինոռեժիսոր Բրենդան Հոլը, հնդիկ դերասան Դև Ջոշին և K-Pop խմբի անդամ Չոյ Սեն Հյուն:
Մաեզավան տիեզերքում գտնվել է 2021 թվականին, երբ ռուսական «Սոյուզ» տիեզերանավով գնացել է միջազգային տիեզերակայան։ Տիեզերք 12-օրյա այցն արժեցել էր 10 միլիարդ իեն (76 մլն դոլար)։