Իսրայելի և Պաղեստինի հակամարտության սրման սկզբից՝ 2023-ի հոկտեմբերի 7-ից մինչ օրս Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական զինված ուժերի գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 370 պաղեստինցի, որոնցից ավելի քան 90-ը երեխաներ են, հայտնել Է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությանը։
«2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ՝ Հորդանան գետի արևմտյան ափին հակամարտության հետ կապված միջադեպերի հետևանքով զոհվել է 372 պաղեստինցի, այդ թվում՝ 94 երեխա»,- հայտնել են ՄԱԿ-ում։
Տեղեկացրել են, որ գրեթե 4400 վիրավոր կա, այդ թվում՝ 661 երեխա։ ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 1-ի դրությամբ՝ 756 պաղեստինցու, այդ թվում՝ 313 երեխայի տարհանել են։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվն ամեն օր ավելանում է։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։