«Հայաստան-Չինաստան բարեկամություն» ընկերությունն այս տարի դառնում է 36 տարեկան։ Այն ծնվել է երկու ժողովուրդների հարգանքից և բուռն զգացմունքներից: Չինաստանի արտասահմանյան բարեկամության ժողովրդական ընկերության (ՉԱԲԺԸ)-ի հետ միասին մեր ընկերությունը դարձավ մի ուրույն հիմք, որի վրա չորս տարի անց հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Չինաստանի միջև։ Այդ ժամանակից ի վեր հայ-չինական կապերն այնքան արագ են զարգանում, որ ներկայումս մեր ժողովուրդների բարեկամական հարաբերությունները վերածվել են եղբայրական հարաբերությունների։ Եվ մեր ընկերությունն ակտիվորեն նպաստում է դրան:
Նրա գործունեության մեջ կարևոր պահ հանդիսացավ օրհներգի ստեղծումը։ Կամավորական միություններին առաջադրվող պահանջներին համապատասխան՝ դրանցում հիմնի առկայությունը անքակտելի պայման է։ Եվ մենք ստեղծեցինք մեր հիմնը: Սա մեզ համար մեծ նշանակություն ունի ոչ միայն այն պատճառով, որ մեր անկեղծ բարեկամական զգացմունքներն արտացոլված են նման կարևոր ձևաչափով, այլ նաև այն պատճառով, որ այն գրվել է մեր ընկերության անդամների կողմից: Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Ջենի Ասատրյանն է, իսկ տեքստը՝ գրել է թարգմանիչ և բանաստեղծ Գագիկ Շիրմազանին։
Մեր Ընկերությունը միավորում է տարբեր մասնագիտությունների հեղինակավոր և հարգված ներկայացուցիչների, որոնց միջին տարիքը 62 տարեկան է: Ամենատարեցները 102տարեկան երկու անդաներն են։ Նրանք երկուսն էլ վետերաններ են, ովքեր մասնակցել են 1945 թվականի օգոստոսին Հյուսիսարևելյան Չինաստանի ազատագրման պատերազմին։ Մենք ակտիվորեն աջակցում ենք ավագ սերնդի փորձի փոխանցմանը երիտասարդ անդամներին, որոնցից ամենաերիտասարդը 17 տարեկանից մի փոքր ավելի է: Ընկերության բոլոր անդամները մարդիկ են, ովքեր թանկ և սերտ կապեր ունեն մեծ երկրի հետ, մարդիկ, ովքեր հետաքրքրված են Չինաստանի պատմությամբ և նրա հարուստ մշակութային ժառանգությամբ: Մեզ միավորում է հայ-չինական հարաբերությունները զարգացնելու, այս ժառանգությունը փոխըմբռնման և փոխվստահության ոգով սերնդեսերունդ փոխանցելու շահագրգռվածությունը։
Մենք հատկապես ուրախ ենք, որ մեր հարաբերությունները ՉԱԲԺԸ-ի հետ ամրապնդվում և զարգանում են պարբերական այցելություններին, ֆորումներին և սեմինարներին մասնակցության միջոցով:
Անցյալ տարվա սեպտեմբերին մեր պատվիրակությունը (ՉԱԲԺԸ)-ի նախաձեռնությամբ հրավիրվել էր Չինաստան՝ մասնակցելու երկու խոշոր միջազգային ֆորումների։ Դրանցից առաջինը տեղի է ունեցավ Գանսու նահանգի Դունհուանգ քաղաքում՝ ավելի քան 20 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Այս միջոցառմանը քննարկվել է տարբեր քաղաքակրթությունների մերձեցման անհրաժեշտությունը, մշակվել դրա իրականացման ռազմավարությունը։ Չնայած մշակութային և պատմական տարբերություններին, Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը տարբեր քաղաքակրթությունների միջև հաջող փոխգործակցության վառ օրինակ է:
Երկու երկրներն էլ արժեքային զգալի նմանություններ ունեն և հարստացնում են միմյանց իրենց մշակութային ներկապնակով՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկխոսության պատրաստակամության վրա։
Պակաս նշանակալից չէր երկրորդ միջազգային ֆորումը, որը տեղի ունեցավ Պեկինում, ուր հասանք երկու օր անց։ Այն նվիրված էր Չինաստանի և Եվրասիական երկրների միջև երկխոսության և համագործակցության ամրապնդմանը։ Ֆորումի մասնակիցներն ընդգծեցին են, որ Չինաստանը և Եվրասիայի երկրներն ունեն հարուստ մշակութային ժառանգություն, դարավոր պատմություն և բազմաթիվ ավանդույթներ։ Նրանց միջև համագործակցության խթանումը հսկայական դեր է խաղում հորիզոնների ընդլայնման, աշխարհայացքների բազմազանությունը հասկանալու և ընդհանուր լեզու գտնելու գործում: Այս ֆորումի համատեքստում մենք առանձնացրինք մի քանի կոնկրետ քայլեր, որոնք ձեռնարկվում են Հայաստանում՝ Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Դրանք ներառում են լեզվական գիտելիքների փոխանակում, մշակութային ժառանգության ուսումնասիրություն և պահպանում, Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամությունը խորհրդանշող նյութական կառույցների ստեղծում, ինչպես նաև մշակութային փոխանակման ընդլայնում և այլ ոլորտներ։
Երկրների միջև առավել արդյունավետ մերձեցումը տեղի է ունենում լեզվական գիտելիքների փոխանակման միջոցով։ Երևանում ակտիվ գործում են Հայ-չինական բարեկամության դպրոցը և Կոնֆուցիուսի անվան ինստիտուտը։ Չինարենը հաջողությամբ ուսումնասիրվում է նաև Հայաստանի շատ միջնակարգ դպրոցներում, որպես օտար լեզու։ Անկախ ձեր սոցիալական կարգավիճակից՝ ուսանող եք, գործարար, թե զբոսաշրջիկ, Հայաստանում միշտ կարող եք գտնել չինարենի համապատասխան դասընթաց՝ ինչպես ըստ տևողության և գիտելիքների մակարդակի, այնպես էլ ըստ տարիքի:
1992 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրներում սկսվեցին բարձրագույն կրթություն ստանալու դիմորդների կանոնավոր փոխանակումները, ինչը նպաստում է հաղորդակցության հնարավորությունների ընդլայնմանը և անձնական կապերի ամրապնդմանը` փոխըմբռնման ճանապարհին լեզվական արգելքը դարձնելով ոչ այդքան սարսափելի: (ՉԱԲԺԸ)-ի կողմից կազմակերպված միջազգային ֆորումների հաջող անցկացումը, անկասկած, նշանակալի ներդրում էր մեր ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման և ամուր կապերի ստեղծման գործում։ Բանակցությունների բոլոր արդյունքները քննարկվել են (ՉԱԲԺԸ)-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչությունում և ամրագրվել համապատասխան փաստաթղթերով:
Մեկ օր անց կազմակերպվեց ճամփորդություն դեպի Չինական Մեծ պարիսպ։ Չինացիների համար դա գրեթե նույնն է, ինչ հայերի համար Արարատ լեռը՝որպես պետության, նրա սրտի ու հպարտության խորհրդանիշ։ Միլիոնավոր զբոսաշրջիկներ խմբերով են այցելում այնտեղ՝ հարգանքի տուրք մատուցելու չինական ճարտարապետության ամենահին հուշարձանի վեհությանը: Այն սկսել է կառուցվել դեռևս մ.թ.ա. 3-րդ դարում չինական առաջին կայսր Ցին Շի Հուանգի օրոք որպես ռազմապաշտպանական կառույց Կենտրոնական Ասիայի քոչվորների արշավանքներից պաշտպանվելու համար: Պատի երկարությունը ավելի քան 5 հազար կիլոմետր է կամ 10 հազար չինական լի։ Չինաստանում այն անվանում են «Վան լի չանչեն» ՝«Տասը հազար լի երկարությամբ պատ»:
Մեզնից ավելի քան մեկ ժամ պահանջվեց Պեկինին ամենամոտ վայրը հասնելու համար: Այն հիացնում է իր հզոր տեսքով, որ ժապավենաձև անընդհատ ոլորվելովտաևածվում էր զառիթափ լեռների լանջերով և խոր կիրճերով: Պատմում են, որ հարյուր հազարավոր գյուղացիներ մասնակցել են, այս, նույնիսկ այսօրվա չափանիշներով, վիթխարի կառույցի շինարարական աշխատնքներին։ Ցին Շի Հուանգը այդ նպատակով ներգրավել է անգամ 300000-անոց կայսերական բանակը:
Հնագույն չինական մշակույթի հուշարձանների նկատմամբ մեր աճող հետաքրքրությունը խրախուսվեց արտասահմանյան երկրների հետ բարեկամության Չինական ժողովրդական ընկերության պատասխանատու աշխատակիցների կողմից, ովքեր համատեղ այց կազմակերպեցին դեպի մեկ այլ եզակի պատմական կառույց, չինական կայսրերի նախկին նստավայր՝ «Արգելված քաղաք»: Այս Գուգուն անվանմամբ պատմական կառույցը այցելուների համար բացվել է 1925թ։ «Արգելված քաղաքը» յուրօրինակ պալատական համալիր է, որը զբաղեցնում է 72 հա տարածք։ Դարերի ընթացքում այնտեղ բնակվել են 24 չինական կայսրեր, որոնք թվագրվում են Մինգ դինաստիայի ժամանակներից: Նրանցից վերջինը՝Պու Յին-ն է, Մանջուրական Ցին դինաստիայից, որ վտարվել է «Արգելված քաղաքից» 1924 թվականին։
1980-ականների վերջին Բերնարդո Բերտոլուչին նկարահանելէ նրա մասին պատմող «Վերջին կայսրը» հայտնի ֆիլմը, որն արժանացել է ինը «Օսկար»-ի:
Հայրենիք վերադառնալու նախօրեին, մեր ընկերները Չինաստանից Պեկինի կենտրոնում գտնվող եռահարկ թեյարանում հրաժեշտի հրաշալի երեկույթ կազմակերպեցին։ Մենք այցելել էինք այս հաստատությունը դեռևս 2008 թվականին Չինաստան կատարած մեր այցելության ժամանակ: Ինձ հատկապես հաճելի էր, որ այն կրում էր իմ սիրելի չինացի գրող Լաո Շեի գրած «Թեյարան» վեպի անվանումը: Այս թեյարանի ինտերիերի յուրաքանչյուր մանրուք մեզ հիշեցնում էր հայտնի վեպի նկարագրությունները։
Այստեղ մենք առաջին անգամ ծանոթացանք բեմական արվեստի յուրահատուկ ձևի՝ Պեկինի օպերայի հետ։ Փոքր բեմից լսվում էին մեղեդիներ, իսկ գոնգի, թմբուկի, ծնծղաների և զնգոցների ձայները միաձուլվում էին չինական երկլար ջութակի՝ էրհուի ծակող հնչյունների հետ: Յուրաքանչյուր ծրագրային համար, հատկապես օպերային արիաները, տարբերվում էին եվրոպական արիաներից և աննկարագրելի հիացմունք էին պատճառում։ Պեկինի օպերան՝ երիտասարդ «տիկին» է, եթե նկատի ունենանք, որ Չինաստանում 400 տարեկանից ցածր ամեն ինչ համարվում է բոլորովին նոր։ Օպերան գոյություն ունի ավելի քան երկու հարյուր տարի։ Այն եզակի է. կանացի դերերը կատարում են տղամարդիկ, արտիստները երգում են ֆալսետտո, ցուցադրում են հմտություն սրամարտում և կատարում բարդ ակրոբատիկ հնարքներ։ Դրանք խորհրդանշական ամբողջությամբ հասկանալը պահանջում է որոշակի գիտելիքներ և պատրաստվածություն, ինչը միանգամայն բնական է։ Սակայն թեյարան հաճախող օտարերկրյա այցելուների բուռն արձագանքը վկայում էր այն մասին, որ այդ պատնեշը լիովին հաղթահարելի է։
2015-ին ՉԺՀ կատարած իմ հաջորդ այցելության ժամանակ ես անմիջապես գնացի Պեկինի օպերա, որն այն ժամանակ այնքան ալեկոծեց իմ հոգին։ Ես մանրակրկիտ պատրաստվել էի դրան՝ ուսումնասիրելով բազմաթիվ տեսանյութեր, կարդալով մեծ քանակի գրականություն։ Եվ դա իզուր չէր։ Պեկինի օպերայի մասին իմ ընկալումը բոլորովին այլ էր, և ես երկար ժամանակ զգում էի հատուկ աստվածալին շնորհ:
2019 թվականին այս հմայիչ «տիկինը» եկավ Հայաստան, որտեղ մեծ տպավորություն թողեց իմ հայրենակիցների վրա։ Նրա հաջորդ այցը նախատեսվում է այս տարի։
90-ականների կեսերին մեզ այցելեց Շանհայի հեռուստատեսության պատվիրակությունը։ Մենք մտերմորեն ընկերացանք նրա անդամների հետ և աջակցեցինք հանրապետության տարբեր կողմերի մշակութային վայրերի տեսանկարահանման աշխատանքներին: Այս համագործակցության արդյունքում ստեղծվեց մեր երկրի մասին հրաշալի հեռուստաֆիլմ, որը լայն ճանաչում գտավ թե՛ Չինաստանում, թե՛ Հայաստանում։ Հենց այս ժամանակ էլ ծնվեց նմանատիպ ֆիլմ ստեղծելու գաղափար, որը կարտացոլեր հայկական պատմական հետքը, ինչը հետագայում՝1992 թվականին հանգեցրեց մեր երկրների միջև դիվանագիտականհարաբերությունների հաստատմանը։
Տարիների ընթացքում մենք հավաքել ենք այդ մասին պատմող եզակի նյութեր, և այժմ ընկերությունում ստեղծված նկարահանող խմբի ջանքերով՝ նրա ամենատարեց անդամի՝ ռեժիսոր Արսեն Ասլանյանի ղեկավարությամբ, մշակվել է ֆիլմի համառոտագիր, որը կդառնա «Ինչպես չինական պատի հետևում» ֆիլմի արտադրության համար մեկնարկային կետ: Այս ֆիլմը բացառիկ հնարավորություն է տալիս բացահայտելու հայ-չինական կապերը և ընդգծելու այս պատմական բարեկամության կարևորությունը։ Այդ հարաբերությունները կանոնավորվել են դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից և պահպանվել են ոչ միայն Մետաքսի ճանապարհով, այլև ծովային հաղորդակցություններով։
Մեր ժողովուրդների այս պատմական շփումների շնորհիվ 12-14-րդ դարերում հնարավոր դարձավ իրականացնել հայերի զանգվածային գաղթը դեպի Չիանաստան Հնդկաստանից և Իրանից: Այդ մասին են վկայում բազմաթիվ պատմական աղբյուրներ, այդ թվում՝ Մատենադարանի գրավոր փաստաթղթերը, որոնցից շատերը դեռևս պահանջում են մասնագետների ուսումնասիրություն, քանի որ գրված են հին չինարեն վենյան լեզվով։ Հայտնի է, որ Չինաստանում հայ վերաբնակիչները օգտվել են մեծ արտոնություններից, այդ թվում՝ բնակարանի, աշխատանքի, բնակելի և կոմերցիոն շինությունների, եկեղեցիների կառուցման իրավունքից։ Այս փաստերը պերճախոս խոսում են հայ վերաբնակիչների նկատմամբ Չինաստանի իշխանությունների և ժողովրդի բարյացակամ վերաբերմունքի մասին։ Նրանք բազմակիորեն մեծացնում են մեր հարգանքն ու երախտագիտությունը այն ժամանակվա չինական կառավարիչների նկատմամբ, ովքեր օգնության ձեռք են մեկնել ողբերգական իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին։
Չինաստանում հայերը՝ հատկապես մեծ արտոնություններ են ունեցել 17-18-րդ դարերում։ Ինչպես նշում է ակադեմիկոս Աճառյանը, այս ընթացքում, երբ այդ երկրի դռները դեռ փակ են եղել օտարների համար, հայերի համար բացառություն է արվել, և նրանք օգտվել են բացարձակ ազատությունից։ Հայ առևտրականները դարձել էին այնպիսի սովորական երևույթ Չինաստանում, որ երկրից անվտանգ մուտքի և ելքի համար ճիզվիտ քարոզիչները հաճախ կրում էին հայկական ազգային տարազ:
Ֆիլմում հատուկ ուշադրություն է դարձվում հայազգի հայտնի չինացի գործարար Խաչատուր Աստվածատրյանին՝ նույն ինքը Փոլ Չաթերին, ով Հոնկոնգում ստեղծել է իր սեփական բիզնես կայսրությունը։ Ինչպես ցույց են տալիս փաստաթղթերը, նա նշանակալի ներդրում է ունեցել Հոնկոնգի շինարարության և տնտեսության մեջ՝ մշակելով և իրականացնելով կղզու ընդլայնման ծրագիր՝ ծովային տարածքներ նվաճելու միջոցով։ Փոլ Չաթերը հիմնել է «Հոնկոնգ Էլեկտրիկ» ընկերությունը, կառուցել է համալսարան, դպրոցներ, հիվանդանոցներ, Հոնկոնգի նավահանգիստը և եղել է կառավարության առանցքային դեմք:
Նրա ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ նրան անվանել են «Հոնկոնգի հայր»։ Փոլ Չաթերը մահացել է 1926թ: Նրա անունով են կոչվում երկու քաղաքային փողոցներ, այգիներ, պետական հաստատություններ, սակայն այն քիչ է հայտնի նրա հայրենիքում։ Մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները և փոխադարձ հարգանքը պահպանվել են գրեթե բոլոր ժամանակներում։ 1921 թվականին Հարբինում տեղի հայուհիներից մեկն առաջին անգամ հայերեն բեմադրել է Սունդուկյանի «Պեպո» պիեսը, որի ներկայացմանը ներկա են եղել բազմաթիվ չինացիներ։ Խորհրդային տարիներին չինարեն թարգմանված հայ հեղինակների նույնիսկ փոքրաթիվ գրական ստեղծագործություններ իրենց ընթերցողին են գտել Չինաստանում։
1957 թվականին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արև Բաղդասարյանն առաջին անգամ չինական բեմ բարձրացրեց Հայաստանի երգն ու պարարվեստը՝ հանդիսատեսին ապշեցնելով իր տաղանդով և էներգիայով։ Նրա կատարումները դարձան իսկական իրադարձություն, և նրա երգերի ձայնագրությունները երկար ժամանակ հնչում էին տեղական ռադիոկայաններով։ Չինացի հանդիսատեսը հատկապես տպավորվել է իրենց լեզվով «Հեփին» («Խաղաղություն») երգի ու պարի կատարումից։ Այն արժանացել է չինացիների հիացմունքին և հարգանքին: Չինացի պարուսույցի ղեկավարությամբ Բաղդասարյանը պատրաստել է ևս մեկ համար՝ «Աղջիկը Քաշգարից», որը նույնպես ընդունվել է մեծ ոգևորությամբ։ Նկարիչ Արմեն Զախարյանը ստեղծել է դերասանուհու դիմանկարը ույգուրական ազգային տարազով, որը դարձավ ամենագրավիչ աշխատանքներից մեկը «Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության» կողմից, այդ բարեկամության 36-ամյա տարելիցին նվիրված, նկարիչների միությունում կազմակերպված նկարիչների ցուցահանդեսում։ Հեագայում Արև Բաղդասարյանը այս համարներով հաջողությամբ շարունակեց իր շրջագայությունը աշխարհի շատ երկրներում։
Ներկայումս հայկական երաժշտության նկատմամբ մեծ հետաքրքրություն կա նաև չինացիների շրջանում, և նրանցից շատերը ձգտում են կատարել հայկական երգեր։ Նրանցից առաջինը Երևանի պետական կոնսերվատորիայում սովորող չինացի ուսանողներն էին։ Նրանք զարմանալի վարպետություն են ցուցաբերում՝ կատարելով հայ դասական երգացանկի նույնիսկ ամենաբարդ երաժշտական ստեղծագործությունները։ Նրանց կատարումները ուրախություն են պատճառում ունկնդիրներին, և մեր ընկերությունում չկա մի միջոցառում, որտեղ նրանք չմասնակցեն:
Հայաստանն ու Չինաստանը դրսևորում են փոխադարձ հիացմունք իրար նկատմամբ: Հայ գրողների և արվեստագետների մեծ գործերը խոր արձագանք են գտնում չին ժողովրդի սրտերում, իսկ չինական մշակույթն իր ավանդույթների ու պատմական հարստությամբ գնալով ավելի է գրավում հայ ժողովրդին։ Այս փոխադարձ հետաքրքրությունն ու հիացմունքը հիմք են հանդիսանում մեր երկրների միջև մշակութային փոխանակման և փոխըմբռնման ամրապնդման համար։
Պեկինում գտնվելու մեր վերջին օրը մենք կարոտի զգացողություն ունեիք, որն էլ ավելի սուր մեզ պարուրեց ինքնաթիռում: Հեռանալով Չինաստանից՝ մենք արդեն կարոտում էինք այս երկիրը, քանի որ այն կլանել էինք ամբողջ հոգով։ Չինացիների հետ շփումը և նրանց կյանքի դիտարկումը մեզ թույլ տվեցին ավելի հստակ տեսնել նրանց հիմնական սկզբունքները, որոնք ձևավորել է մեծ Կոնֆուցիուսը երկուսուկես հազար տարի առաջ. «Եղե՛ք հնազանդ և լսե՛ք ձեր ծնողներին, հարգե՛ք ձեր մեծերին և վերադասներին, ապրե՛ք հաշտ ու ներդաշնակ ձեր հարևանների հետ, հետևե՛ք երեխաների դաստիարակությանը և կրթությանը, զբաղվե՛ք ձեր գործով և մի՛ կատարեք վատ արարքներ»։ Այս սկզբունքները, որոնք ներթափանցել են չինական հասարակության բոլոր շերտերը, սրբորեն պահպանվում են Չինաստանի ժողովրդի կողմից, ինչը մեծ հարգանք է առաջացնում նրանց նկատմամբ։
Նյութի հեղինակ՝ «Հայաստան-Չինաստան» բարեկամության միության նախագահ Կարեն Ավագյան