Իսրայելի «ռազմական» կաբինետը քննարկում է երկրի տարածքին Իրանի հարվածը և Իսրայելի պատասխանը, գրում է NEWSru.co.il-ը։
Նշվում է, որ քիչ հավանական է, որ նախարարները որոշեն Իրանին անհապաղ կամ արագ ռազմական պատասխան տալ։ Միևնույն ժամանակ՝ իսրայելցի շատ նախարարներ և պատգամավորներ, ներառյալ «ռազմական կաբինետի» անդամները, կողմ են Իսրայելի վրա հրթիռներով և անօդաչու սարքերով աննախադեպ հարձակմանը, ավելացրել է լրատվամիջոցը։
Մասնավորապես, Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցն ասել է, որ «միջադեպը հարթված չէ»։ «Անհրաժեշտ է ամրապնդել մեր ստեղծած ռազմավարական դաշինքները և տարածաշրջանային համագործակցության համակարգը։ Մենք տարածաշրջանային կոալիցիա կստեղծենք Իրանի դեմ և կստիպենք Իրանին վճարել այնպես, ինչպես դա մեզ հարմար լինի»,- մեջբերում է լրատվամիջոցը Գանցին։
Նշվում է, որ կառավարության քարտուղար Յոսի Ֆուքսը նախարարներին հրահանգել է հարցազրույցներ չտալ և չխոսել Իսրայելի վրա Իրանի հարձակման և Իսրայելի հնարավոր պատասխանի մասին։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է, որ Իսրայելը հնարավորություն ունի ստեղծելու ռազմավարական դաշինք «Իրանի այս լուրջ քայլի դեմ, որն սպառնում է միջուկային զենք տեղադրել այդ հրթիռների վրա, ինչը կարող է չափազանց լուրջ վտանգ ներկայացնել»,- հաղորդում է Reuters-ը,
Միևնույն ժամանակ, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ասել է, որ եթե Իսրայելը պատասխան հարված հասցնի Իրանին, Թեհրանի պատասխանը «շատ ավելի մեծ կլինի, քան այսօրվա ռազմական գործողությունները»։ Տարածաշրջանում ամերիկյան բազաները նույնպես կարող են հարձակման ենթարկվել, եթե ԱՄՆ-ն օգնի Իսրայելին հակահարված տալ, ասել է Բաղերին։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ ԱՄՆ-ն չի աջակցի Իրանի դեմ Իսրայելի ոչ մի հակահարձակման։ Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի դեմ ոչ մի հարձակողական գործողության և չի աջակցի նման գործողություններին։
Ապրիլի 14-ի գիշերն Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) հայտարարել էր Իսրայելի ուղղությամբ տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակելու մասին: Իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանը հարվածներ է հասցրել բացառապես Իսրայելի ռազմական օբյեկտներին: Իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ 99%-ով խոցել են Իսրայելի ուղղությամբ արձակված շուրջ 300 ԱԹՍ և հրթիռներ։