Ամերիկացի գործարար Իլոն Մասկն ակնկալում է 10 տարվա ընթացքում միլիոնավոր մարդկանց ուղեղում Neuralink իմպլանտ տեղադրել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Եթե ամեն ինչ լավ ընթանա, մի քանի տարվա ընթացքում հարյուրավոր մարդիկ կունենան Neuralink, միգուցե 5 տարվա ընթացքում այդ թիվը հասնի տասնյակ հազարի, 10 տարվա ընթացքում՝ միլիոնի»,- ասել է նա:
Neuralink ստարտափը Մասկն ստեղծել է 2016 թվականի հուլիսին։ Այն մշակում է չիպեր, որոնք կարող են տեղադրվել մարդու ուղեղում: Միլիարդատերը կարծում է, որ նման սարքերը թույլ կտան մարդուն դառնալ «կիբորգ»՝ ունակ դիմակայել արհեստական ինտելեկտին, ինչպես նաև կօգնի մարդկանց սովորել կառավարել համակարգիչը՝ օգտագործելով մտքի ուժը։
2024-ի հունվարին Մասկի Neuralink ընկերությունն առաջին անգամ մարդու ուղեղում տեղադրել էր նեյրոչիպ, որը թույլ է տալիս «պարզապես մտածելով» կառավարել սմարթֆոնը կամ համակարգիչը։ Այն նախատեսված է հիմնականում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Մայիսին ԱՄՆ առողջապահության նախարարության դեղերի վարչությունը լիազորել էր ընկերությանը Telepathy ուղեղի իմպլանտը տեղադրել երկրորդ անձի ուղեղում։
Ըստ Bloomberg-ի՝ ապագայում Neuralink-ը հույս ունի ստեղծել մի համակարգ, որի դեպքում յուրաքանչյուրը կարող է գնալ կլինիկա և 15 րոպե տևողությամբ վիրահատության շնորհիվ դառնալ «կիբորգ», օրինակ՝ ներբեռնել տեղեկատվություն ինտերնետից իր ուղեղ, ինչպես Կիանու Ռիվզի կերպարը «Մատրիցա»-ում: