Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով Գազայում շուրջ 40 մարդ է զոհվել, հարյուրից ավել վիրավորներ կան, գրում է Al Jazeera-ն։
Ըստ աղբյուրի՝ Իսրայելի օդուժը հարվածել է Ալ-Ջաունի դպրոցի շենքին, որտեղ տեղակայված էր ՄԱԿ-ի օգնության տեղական կազմակերպությունը։ Մահացել են նաև ՄԱԿ-ի աշխատակիցներ։ ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշը վերահաստատել է իր պահանջը Գազայում անհապաղ հրադադարի մասին՝ ասելով, որ սարսափելի բռնությունները պետք է դադարեցվեն:
Նախորդ տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր՝ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 41 118 պաղեստինցի։ Եվս 95,125 մարդ վիրավորվել է, գրում է աղբյուրը։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան՝ հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։