Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը, որին մեղադրանք է առաջադրվել չորս քրեական հոդվածով, այդ թվում՝ սպանություն, տանն է, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Բակալչուկի փաստաբաններին։
Բակալչուկը Telegram-ում պատմել է Մոսկվայի կենտրոնում Wildberries-ի գրասենյակում տեղի ունեցած հրաձգության հանգամանքների իր վարկածը։ Նա կատարվածն անվանել է սադրանք։ Կրակոցների հետևանքով սպանվել էր գրասենյակի անվտանգության երկու աշխատակից, վիրավորվել յոթ մարդ։
Բակալչուկը նշել է, որ ինքը և իր թիմը եկել էին Ռոմանով Դվոր բիզնես կենտրոնում գտնվող Wildberries գրասենյակ «խաղաղ նպատակներով»։ Գործարարի խոսքով՝ իր այցի նպատակն էր լուծել «ՎԲ Դիվելոփմենթ»-ի աշխատակիցներին և կապալառուներին վճարումների հետ կապված հարցերը (100%-ը պատկանում է Վլադիսլավ Բակալչուկին) Wildberries-ի և Russ-ի միաձուլումից հետո։
«Ես գործել եմ բացառապես օրենսդրության շրջանակներում, որն ինձ թույլ է տալիս որպես համահիմնադիր լինել իմ ընկերության գրասենյակում։ Հնարավոր սադրանքներից խուսափելու համար նախապես տեղեկացրել ենք իրավապահ մարմիններին։ Չնայած դրան՝ գրասենյակ մտնելիս մարդիկ, որոնց ես չէի հասկանում, կրակ բացեցին մեզ վրա»,- հավելել է նա։
Բակալչուկը վստահություն է հայտնել, որ իշխանությունները կհասկանան տեղի ունեցածը, և «բոլոր մեղավորները կպատժվեն»։ «Ուրախ եմ տուն վերադառնալու և հանուն արդարության պայքարելու համար»,- հավելել է գործարարը։
Սեպտեմբերի 19-ին Բակալչուկին մեղադրանք էր առաջադրվել։ Սեպտեմբերի 18-ին Wildberries-ի մոսկովյան գրասենյակում հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով ընկերության անվտանգության 2 աշխատակից էր զոհվել։ Դատարանը կալանավորել էր Մոսկվայի կենտրոնում գտնվող Wildberries-ի գրասենյակում հրաձգության գործով վեց մեղադրյալի։
20-30 հոգուց բաղկացած տղամարդկանց խումբն սկսել էր կոտրել բիզնես կենտրոնի մուտքի ապակիները, ի պատասխան կրակոցներ էին արձակվել։
Wildberries և Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ընկերության գրասենյակ էր փորձել ներխուժել Բակալչուկը՝ անվտանգության աշխատակիցներով: Wildberries-ի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ առաջինը կրակել էին Բակալչուկին ուղեկցող զինված մարդիկ:
Wildberries-ը և Russ-ը հունիսին հայտարարել էին իրենց միավորման մասին, որից հետո Բակալչուկը, որը Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի նախկին ամուսինն է, հայտարարել էր ընտանեկան բիզնեսի ռեյդերային գրավման մասին։ Կինն, իր հերթին, նշել էր, որ դա ոչ թե ռեյդերական զավթում, այլ ամուսնալուծության գործընթացի սկիզբ է։
Russ-ի գործադիր տնօրենը հայազգի գործարար Ռոբերտ Միրզոյանն է։