Վերջին մեկ օրում Լիբանանում ավելի շատ երեխա է սպանվել, քան նախորդ 11 ամիսներին, հակամարտությունը շարունակելն աղետալի հետևանքներ կունենա, հայտարարել է Լիբանանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Էթի Հիգինսը, փոխանցում է TACC-ը։
«Երեկ առնվազն 35 երեխա է մահացել, ինչն ավելին է, քան վերջին 11 ամիսների ընթացքում (22 երեխա)»,- ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցում՝ հավելելով, որ մի քանի երեխա դեռ մնացել է փլատակներում։
Ըստ նրա՝ այս հակամարտության շարունակությունը աղետալի հետևանքներ կունենա Լիբանանի բոլոր երեխաների համար, հատկապես նրանց, ովքեր ապրում են երկրի հարավում գտնվող քաղաքներում և բնակավայրերում, Բեքաայում և արևելյան Լիբանանում, որտեղից ստիպված լքել են իրենց տները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի հարվածերից Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 400-ը։ Զոհերի թվում 35 երեխա, 58 կին և երկու բուժաշխատող են:
Իսրայելը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարվածներ էր հասցրել Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական խմբավորման օբյեկտներին: Նույն օրն Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել։ Իսրայելն ու «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին:
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տարբեր էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 37 անձ և վիրավորվել մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին: