Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սեպտեմբերի 29-ին հայտարարել է կանխարգելիչ անվտանգության ստորաբաժանման հրամանատար, շարժման կենտրոնական խորհրդի անդամ Նաբիլ Կաուկի մահվան մասին, հայտնում է CNN-ը՝ հղում անելով շարժման հայտարարությունը։
Շարժումը հայտարարել է, որ հրամանատարին սպանել են Բեյրութի ծայրամասում։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Սետեմբերի 28-ին «Հեզբոլլահը» հաստատել էր Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը։
Սեպտեմբերի 28-ին Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Իսրայելի կողմից վերջին 12 օրվա հարվածների հետևանքով կա ավելի քան 1000 զոհ և 6300 վիրավոր։
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ են սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: