ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի շփումները, մասնավորապես՝ հոկտեմբերին ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի ղեկավար Յանուշ Ադամչակի այցը Բաքու։
«ՆԱՏՕ-ի անդամների ակտիվությունը՝ լինի դա ադրբեջանական, թե հայկական ուղղությամբ, հանգում է մի բանի՝ Հարավային Կովկասը վերածել Ռուսաստանի հետ առճակատման ևս մեկ թատերաբեմի։ Տարածաշրջանի երկրներին իրար դեմ հանել, հետո ինչ-որ կերպ սեփական օգուտն ստանալ»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը ելնում է նրանից, որ տարածաշրջանում որոշումները պետք է կայացնեն տարածաշրջանի երկրները։ Նա հավելել է, որ հոկտեմբերի 18-ին նախատեսված «3+3» ձևաչափով հանդիպումը հաստատում է, որ դա հնարավոր է։
«Այս ամենը պետք է տեղի ունենա առանց արտաքին միջամտության։ Այս դիրքորոշումը մենք փոխանցում ենք և՛ Բաքվին, և՛ Երևանին»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հոկտեմների 15-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր Ստամբուլում «3+3» ձևափաչով արտգործնախարարների երրորդ հանդիպման մասին։ Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների երկրորդ բանակցությունները տեղի էին ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում։ Ձևաչափը ենթադրում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Հանդիպման ավարտից հետո նախարարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ։