Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է երկրի նախագահ Բաշշար ալ-Ասադի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին, հայտարարել է սիրիական ընդդիմադիր Ազգային կոալիցիայի առաջնորդ Հադի ալ Բահրան։
«Սիրիական ընդդիմությունը չի դադարի ընդդիմանալ սիրիական իշխանություններին, քանի դեռ երկրում չի սկսվել քաղաքական կարգավորման գործընթացը։ Միաժամանակ՝ պատրաստ ենք բանակցությունների պաշտոնական Դամասկոսի հետ նույնիսկ վաղվանից»,- նշել է նա։
Բահրան հավելել է, որ ընդդիմությունը կանգ չի առնելու այնքան ժամանակ, քանի դեռ ռեժիմը չի միացել ՄԱԿ-ի և քաղաքական անցման գործընթացներին։
Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը գտնվում է Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։
ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի՝ 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում գործող հումանիտար առաքելության գործունեությունը։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Սիրիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել է 2011 թվականից։ Գրոհայինները պարբերաբար հարձակումներ են իրականացնում մայրուղիների, քաղաքացիական և ռազմական մեքենաների վրա և ահաբեկում հեռավոր գյուղերի բնակիչներին: Սիրիական բանակը շարունակում է գրոհայինների ջոկատների ոչնչացման գործողությունները։