Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ելույթ է ունեցել և հայտարարել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել՝ չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունը, նրա խոսքով, դարձել է «վնասակար հավակնությունների պատանդ», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօր ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Քեյթ Ֆերոն հայտարարել էր, որ կազմակերպությունը կկարողանա նպաստել հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին, եթե Երևանը և Բաքուն նման խնդրանք ներկայացնեն։
Բայրամովը կարծիք է հայտնել, որ Մինսկի գործընթացի հետ առնչվող ԵԱՀԿ կառույցները հնացել են, և դրանց ներկայությունը խախտում է կազմակերպության ֆինանսական կանոնները (ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին ԼՂ հակամարտությունը լուծելու համար-խմբ.):
Նա միջազգային կառույցներին կոչ է արել «չվնասել հայ-ադրբեջանական հարաբերություններում ներկա գործընթացը» և Երևանի հետ երկկողմ բանակցությունները համարել հարաբերությունների կարգավորման «միակ կենսունակ» ձևաչափը։
Միևնույն ժամանակ, Բայրամովը կրկնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 12-ին նախկինում հնչեցրած պահանջները Հայաստանից՝ փոփոխելու երկրի Սահմանադրությունը և օրենսդրական ակտերը, որոնք, իբր, տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
Հուլիսի 20-ին Ալիևն ասել էր, որ Երևանը պետք է արձագանքի համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին և համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ Օգոստոսի 15-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։