Ռուսաստանում անօրինական գտնվող օտարերկրացիները պետք է կարգավորեն իրենց իրավական իրավիճակը կամ ինքնուրույն լքեն երկիրը մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրին։
«Ռուսաստանի Դաշնությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց մասին տեղեկատվությունը ենթակա է վերահսկվող անձանց ռեգիստրում գրանցման, պետք է ինքնուրույն լքեն Ռուսաստանի Դաշնությունը կամ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կարգավորեն իրավական վիճակը»,- նշված է փաստաթղթում։
Միաժամանակ՝ Ռուսաստանից չեն արտաքսվի բանակում զինծառայության պայմանագիր կնքած անօրինական ներգաղթյալները։ Բայց այս կանոնը չի տարածվի այն օտարերկրացիների վրա, որոնք «վտանգ են ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը»։
Ռեգիստրում անօրինական ներգաղթյալների առկայության ստուգմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի փետրվարի 5-ից՝ համապատասխան օրենսդրությունն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո։
Բացի այդ, 2024 թվականի օգոստոսին փոփոխություններ են կատարվել Ընտանեկան օրենսգրքում և Քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքում, որոնք արգելում են քաղաքացիների ամուսնությունը, եթե նրանցից մեկը գրանցված է վերահսկվող անձանց ռեգիստրում։ Այս կանոններն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա փետրվարից։
Դեկտեմբերի 26-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու կանոնների փոփոխության մասին։ Հունվարի 1-ից առանց վիզայի Ռուսաստան ժամանած օտարերկրացիները տարվա ընթացքում կարող են մնալ երկրում մինչև 90 օր, մինչդեռ ներկայումս այդ ժամկետը կազմում է 90 օր՝ 180 օրվա ընթացքում։
Օգոստոսին Պետդումայում առաջարկել էին սեռական բռնության համար միգրանտներին քաղաքացիությունից զրկելու մասին նախագիծ մշակել։ ՌԴ-ում նաև դպրոց ընդունելուց առաջ միգրանտների երեխաների ռուսաց լեզվի մակարդակն ստուգելու օրենսդրական նախագիծ էին առաջարկել։