«Թալիբան» շարժման գերագույն առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Աֆղանստանում արգելվում է բնակելի շենքերում այնպիսի պատուհաններ նախագծել, որոնցից կարող են ներսում գտնվող կանայք երևալ, հայտնում է ՌԲԿ-ն։
Հրամանագրի տեքստը հրապարակել է թալիբների կողմից ձևավորված Աֆղանստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը՝ Х սոցիալական ցանցում։
Փաստաթղթում ասվում է, որ պատուհանները չեն կարող կառուցվել այնպես, որ դրանք նայեն դեպի հարևանի խոհանոցը կամ այլ վայրեր, որտեղ, սովորաբար, կանայք են լինում: Այն նաև ընդգծում է, որ եթե տունը, այնուամենայնիվ, նախագծված է այնպես, որ նրա պատուհանից հնարավոր լինի տեսնել կնոջը, ապա շենքի տերը պետք է իր պատուհանների դիմաց պատ կառուցի։
Իշխանության գալուց հետո թալիբներն սկսել են երկրում մի շարք արգելքներ և սահմանափակումներ մտցնել՝ առաջին հերթին՝ կանանց նկատմամբ։ Դեկտեմբերի սկզբին աֆղան կանանց արգելվել էր սովորել բարձրագույն և միջնակարգ բժշկական ուսումնական հաստատություններում։