Սեպտեմբերի 17-ի՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո գիշերը թեժ է անցել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շիշ է նետել թիմակիցների ուղղությամբ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Աղբյուրը նշում է, որ իշխանության ներսում քննարկում ու վերլուծում են Երևանի ավագանու ընտրություններում պարտության պատճառները, նոր մեղավորներ փնտրում:
«Այդ օրը երեկոյան Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ եկել էր շտաբ, ՔՊ-ականներից հաշիվ են պահանջել, թե ինչո՞ւ այդքան ջանքերից հետո տապալեցին ընտրություններն ու պարտություն կրեցին: Նիկոլ Փաշինյանը գոռգոռացել, կռիվ է արել ՔՊ-ականների հետ, բանն անգամ հասել է այնտեղ, որ Փաշինյանը շիշ է նետել թիմակիցների ուղղությամբ»,- գրում է օրաթերթը:
Նշվում է, որ Աննա Հակոբյանն էլ իր հերթին է փորձել բացատրություններ պահանջել ՔՊ-ականներից: «Պարտության մեղավոր ճանաչվել է մե՛կ գործող քաղաքապետը, մե՛կ իշխանականները փորձել են պարտության մեղքը բարդել շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի վրա: Նրան թույլատրվել էր անգամ քրեական տարրերի հետ հանդիպել, նրանց ծառայություններից օգտվել, բայց էլի չստացվեց»,- հայտնում է աղբյուրը:
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
Հոկտեմբերի 10-ին՝ ավագանու ընտրություններից հետո առաջին նիստում, Երևանի ավագանին քաղաքապետ էր ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին։