Երևանի երեք տարածքում արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը, որի վերաբերյալ շրջանառության մեջ է դրվելու Երևանի ավագանու որոշման նախագիծ, հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Արգելվելու է մշակութային գործունեություն իրականացնել Հանրապետության հրապարակում և դրան հարակից 100 մետր շառավղով տարածքում, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածքում, Հյուսիսային պողոտայում և դրան հարակից 100 մետր շառավղով տարածքում»,- գրել է Կոստանյանը։
Նա հավելել է, որ պատճառը բնակչության ահազանգերն են։
«Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների շենքերի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են, որ նշված հատվածներում շրջիկ երաժիշտների մշակութային գործունեությունը խախտում է իրենց անդորրը, վնաս պատճառում առողջությանը»,- հավելել է Կոստանյանը։
Խնդիրը, ըստ խոսնակի, նաև զբոսաշրջությանը վնասելն է։
«Բացի այդ, բազմաթիվ խնդիրներ են առաջանում նշված հատվածների հարակից տարածքներում առևտրային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար` բացասական ազդեցություն թողնելով զբոսաշրջության վրա»,- եզրափակել է նա։