Բելառուսը պատրաստ է այլ երկրներին ներկայացնել «կոնկրետ անհերքելի փաստեր», որոնք բացահայտում են հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների, այդ թվում ՝ արտասահմանից միջամտության ենթատեքստը: РИА Новости-ի փոխանցմամբ նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի ԱԳՆ-ն:
«Մենք առաջարկում ենք օբյեկտիվորեն և առանց հույզերի հասկանալ, թե ինչ է տեղի ունենում այսօր Բելառուսում։ Պատրաստ ենք կառուցողական, իսկ գլխավորը ՝ օբյեկտիվ երկխոսության այս թեմայի շուրջ բոլոր արտասահմանյան գործընկերների հետ։ Պատրաստ ենք ներկայացնել կոնկրետ անհերքելի փաստեր, որոնք կբացահայտեն ներկա իրադարձությունների ենթատեքստը, այդ թվում նաև արտերկրից միջամտության մասին»,-ասված Է հայտարարության մեջ, որը տարածել Է գերատեսչությունը:
ԱԳՆ-ն նաև կոչ է արել բոլոր արտասահմանյան գործընկերների «կշռադատված վերլուծություն կատարել»: «Մենք չենք ասում, որ պետք է հրաժարվել ձեր տեղեկատվության և կարծիքների ավանդական աղբյուրներից։ Սակայն տեղեկատվությունը կլինի ավելի ամբողջական եւ պրոֆեսիոնալ, եթե լինի բազմակողմանի, այդ թվում՝ հաշվի առնելով պաշտոնական տվյալները և գնահատականները նրանց , ովքեր պատասխանատու են երկրում տիրող իրավիճակի համար», – ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, գերատեսչությունում նշել են, որ Բելառուսը դեռ նախընտրական քարոզարշավից առաջ դիմել է գործընկեր երկրների աջակցությանը՝ խոսելով «ուղղակի արտաքին միջամտության» փաստերի մասին: «Մենք բազմիցս առաջարկել ենք ձեզ, ովքեր քննադատում են մեզ այսօր, միասին հասկանալ տեղի ունեցածը։ Բայց դրա փոխարեն երկրորդ օրն արդեն պատժամիջոցների կոչեր են հնչում։ Իսկ դրանից հետո ինչպես հավատանք Ձեր խորհուրդների անկեղծությանը»- հարց են բարձրացրել գերատեսչությունից։
ԱԳՆ-ում հաստատել են, որ անցած նախագահական ընտրություններին ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ առաքելությանը հրավիրել են սովորականից ուշ՝ նշելով, որ «դրա համար կան մի շարք ծանրակշիռ պատճառներ»: «Բայց չէ՞ որ մենք միշտ, բոլոր քննադատական եզրակացություններով հանդերձ, ընտրությունների դիտորդական առաքելություններ ենք ընդունել։ Ինչո՞ւ այդքան պատրաստակամությամբ չեք եկել այս անգամ։ Չէ՞ որ հնարավորություն կար դա անել, թեև կտրտված ձևաչափով, ինչպես մյուս երկրներում՝ համավարակի շրջանում», – հավելել են մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Բելառուսի նախագահի ընտրություններն անցել են օգոստոսի 9-ին։ ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքում է 80,08 տոկոս, երկրորդ տեղում Սվետլանա Տիխանովսկայան է՝ 10,09 տոկոս: Ընդ որում, Տիխանովսկայի շտաբում հայտարարել են, որ չեն ընդունում ԿԸՀ արդյունքները՝ նշելով, որ հանրապետության բոլոր շրջաններում տեղամասերի տվյալները ցույց են տալիս, որ նա հավաքել է 70-80 տոկոս: