Նոյեմբերի 5-ը դպրոցներում բռնության և ահաբեկելու դեմ պայքարի միջազգային օրն է: Խոսելով բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին, անհրաժեշտ է գիտակցել, թե ինչպիսի բռնություն է այսօր իրականացվում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախի երեխաների նկատմամբ, երբ խախտվում է Արցախի Հանրապետության մոտ 33 հազար քաղաքացու կրթության իրավունքը, որոնք հնարավորություն չունեն իրենց իրավունքընիրացնել դպրոցներում, մանկապարտեզներում, քոլեջներում, ուսումնարաններում և բուհերում: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Երբ խոսում ենք երեխաների հանդեպ բռնությունից, շատ կարևոր է գիտակցել, որ պատերազմական դրությունը մեծապես վտանգում է նրանց իրավունքները և շարունակական բռնություն է հանդիսանում երեխաների նկատմամբ՝ կրթության իրավունքի հետ մեկտեղ լրջագույն խնդիր առաջացնելով նրանց հոգեկան առողջության, կյանքի իրավունքի, առողջության պահպանման տեսանկյունից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նա նշել է, որ կրթության իրավունքի խախտմամբ բռնության թիրախ են դառնում նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի աշակերտները:
«Թիրախավորվել են ՀՀ դպրոցները՝ Գեղարքունիքի մարզի Կութի և Սոթքի դպրոցները: Դեռևս պատերազմական գործողությունների սանձազերծման առաջին իսկ օրերից, ելնելով անվտանգության նկատառումներից, սահմանամերձ համայնքների երեխաների կրթությունը կազմակերպվեց հեռավար եղանակով, և շուրջ 10 հազար երեխաներ հնարավորություն չունեցան դպրոց հաճախել»,- ասել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ նախարարությունն աշխատանք է տարել նրանց հեռավար ուսուցման պայմաններն ապահովելու ուղղությամբ: