Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը ուրբաթ կժամանի իր երկիր՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոնի վերաբերյալ համաձայնագրի մանրամասները։
«Մենք ռուսական պատվիրակությանը սպասում ենք արդեն վաղը՝ համաձայնագրի մանրամասները քննարկելու համար», – ասել է Չավուշօղլուն՝ Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Մևլութ Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Անկարան Ղարաբաղի հարցով համատեղ կենտրոնի վերաբերյալ ռուսական պատվիրակության հետ հանդիպումից հետո բոլոր մանրամասները կներկայացնի Ադրբեջանին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոն ստեղծելու մասին, և, որ իրենք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»: Մինչ այդ, սակայն, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Մոսկվան եւ Անկարան Ղարաբաղի հարցով կաշխատեն Ադրբեջանի տարածքում՝ մոնիթորինգային կենտրոնի միջոցով, «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի գնացել»:
Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Հայտարարության համաձայն, մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիների փոխանակում են իրականացնում, շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով, որը միացնում է Ղարաբաղը Հայաստանին, տեղակայվում են ռուս խաղաղապահներ: