Ֆրանսիան սկսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայերին լայն աջակցություն ցուցաբերելու ծրագրերի շարք։ Այս մասին հայտնում է РИА новости-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին։
Նրա տեղեկություններով՝ օգնություն կցուցաբերվի երեք ոլորտներում։ Ինչ վերաբերում է դրանցից առաջինին, ապա գերատեսչությունը նշում է, որ «վերջին շաբաթներին ցուցաբերված նախնական շտապ օգնությունից հետո՝ վիրաբույժների և բժշկական-վիրաբուժական սարքավորումների խմբերից Հայաստան ուղարկելուց զատ, այժմ կկազմակերպվեն մի շարք ավիաչվերթներ»: Նման ինքնաթիռներից առաջինը, որը վարձակալել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, արդեն ժամանել է Երևան։
Առաջին չվերթով ֆրանսիական իշխանություններից օգնության շրջանակներում շտապ բժշկական օգնության նյութեր է հասցվել, մասնավորապես 500 հոգանոց դաշտային շարժական հոսպիտալ, ինչպես նաև վերմակներ և հիգիենայի պարագաներ, որոնք նախատեսված են հակամարտությունից տուժածներին բաժանելու համար: Երկրորդ ինքնաթիռի չվերթը նախատեսված է նոյեմբերի 27-ին։
Երկրորդ ոլորտը կլինի երկու երկրների միջև հոսպիտալային համագործակցության ուժեղացում: «Այդ ուղղությամբ արդեն մոբիլիզացվել են Փարիզի, Մարսելի և Լիոնի պետական հոսպիտալների վարչությունների ջանքերը», – հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Երրորդ ուղղությունը կլինի «աջակցություն այն նախագծերին, որոնք իրականացնում են մարդասիրական կազմակերպությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունները»: «Ֆրանսիան ուղղակի ֆինանսական օգնություն կցուցաբերի տեղում գործող այդ կառույցներին», – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։