ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին, գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, ղեկավար կազմի մյուս անդամներին և 55 պատվիրակությունների անդամ պատգամավորներին։ Այս մասին Կոնջորյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Պատգամավորը փաստական ապացույցներ է ներկայացրել հուլիսի 12-ից Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիային նախորդած հայտարարությունների վերաբերյալ՝ ցույց տալով Ադրբեջանի իրական մտադրությունները և ծրագրերը։
«Հուլիսի 27-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող Աշոտ Միքայելյանը, ինչը ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջանի ագրեսիվ և ապակառուցողական գործողությունների մասին։
Իմ գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել Նախիջևանում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունների և Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված գործողությունների և հայտարարությունների վրա»,- գրել է Հայկ Կոնջորյանը։
Նա տեղեկացրել է, որ բացի պաշտոնական նամակագրությունից, պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելու տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները։